Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Հունվարի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Կյունիին:
Նորին Սրբությունը, ողջունելով դեսպանի անդրանիկ այցը հայոց հոգեւոր կենտրոն, գոհունակությամբ նշեց երկու երկրների միջեւ 100-ամյակներ եւ առավելապես Հայաստանի անկախության տարիներից իր վեր ձեւավորված ջերմ եւ եղբայրական հարաբերությունները: Վեհափառ Հայրապետը միաժամանակ փաստեց, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը եւս ջերմագին զգացումներ է տածում հանդեպ Ֆրանսիայի եւ պատրաստ է ըստ ամենայնի իր օգտակարությունը բերել երկու երկրների միջեւ կապերի զորացման գործին:
Վեհափառ Հայրապետը առանձնակի ջերմությամբ հիշատակեց անցած դեկտեմբերին Ֆրանսիա կատարած իր հովվապետական այցը, որ եղբայրական հարաբերությունների նորոգման եւս մի առիթ դարձավ: Վերջինիս առիթով Նորին Սրբությունը երախտագիտությամբ անդրադարձավ Ֆրանսիայի նախագահի կողմից հանձնված պարգեւին, ընդունելով այն իբրեւ ֆրանսահայությանը տրված լավագույն գնահատական:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պրն. Կյունին նշեց, որ իր այցելությունը հայոց հոգեւոր կենտրոն արարողակարգային լինելուց զատ, իր համար ունի նաեւ այլ նշանակություն: Դեսպանը արժեւորեց հայ ժողովրդի ձգտումը դեպի առաջընթաց, նշելով, որ այն հաստատվել է դարեր առաջ հայ ժողովրդի կատարած ընտրությամբ` քրիստոնեության ընդունմամբ: Ներկայանալով իբրեւ գրականության եւ արվեստի մեծ սիրահար, պրն. Կյունին կարծիք հայտնեց, որ հատկապես այս ընտրության շնորհիվ է հայ ժողովուրդն ապահովել հոգեւոր իր վերելքը` հայոց այբուբենի ստեղծմամբ, գրականությամբ ու ճարտարապետությամբ:
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը իր օրհնությունը տվեց նորանշանակ դեսպանին, համոզմունք հայտնելով, որ նա նույն նախանձախնդրությամբ կշարունակի իր նախորդների` տիկին դ'րթինգի եւ պրն. Լեգրայի աշխատանքը Հայաստանում: