Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմին

Ապրիլի 24-ին Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժանսեմին, որ Մայր Աթոռ էր այցելել իր զավակների եւ թոռների հետ` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ:

Վեհափառ Հայրապետը սիրով ողջունելով հյուրերին` իր հիացմունքը հայտնեց Ժանսեմի արվեստի եւ մասնավորապես նույն օրը Հայոց ցեղասպանության թանգարանում բացված նկարչի ցուցահանդեսի առիթով:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նկարչին առաջարկեց ստեղծել մանուկ Փրկչին Սբ. Աստվածածնի հետ պատկերող կտավ` Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խորանում տեղադրելու համար:

Շնորհակալություն հայտնելով պատվաբեր առաջարկի համար` մեծանուն նկարիչը նշեց, որ չափազանց դժվար է նման նկարի ստեղծումը, սակայն ինքը կաշխատի առավելագույնն անել հաջողության հասնելու համար: