Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Վալտեր Շվիմերին

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին:

Վեհափառ Հայրապետը պրն. Շվիմերին ներկայացրեց Հայոց հոգեւոր կենտրոն` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի 1700-ամյա պատմությունը, անդրադարձավ Հայ եկեղեցու ներկայիս խնդիրներին:

Նորին Սրբությունը մասնավորապես իր գոհունակությունը հայտնեց Եվրոպայի խորհրդին, որ զորակցում է հայ ժողովրդին, նպաստում Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը եւ ժողովրդավարության արժեքներն ամրագրում հայոց կյանքում:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի Հանրապետությունում գործող խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշեց, որ Եվրոպայի Խորհրդի պահանջները սխալ ընկալում ու մեկնաբանություն են ունենում եւ հաճախ դժվարություններ հարուցում Հայ Առաքելական եկեղեցու ազատ գործունեության համար:

Հանդիպմանը խոսվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:

Պրն. Վալտեր Շվիմերն իր երախտագիտությունը հայտնեց ընդունելության համար` նշելով, որ քաջատեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը եւ որ անցյալ տարի Եվրոպայի Խորհուրդը եւս տոնախմբել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակը: