Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆայեզ Աբսիին

Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆայեզ Աբսիին:

Հայոց Հայրապետը ողջունելով պրն. Աբսիի անդրանիկ այցը` նշեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում այն ջերմ վերաբերմունքը, որով ընդունվել են Հայոց մեծ եղեռնից մազապուրծ հայորդիք Սիրիո հյուրընկալ հողում: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց նաեւ, որ այսօր սիրիահայ համայնքն ապրում է իր ազգային-հոգեւոր կյանքով, ինչի ականատեսն է եղել անցած տարի Դեր Զոր կատարած այցի ընթացքում:

Իր հերթին պրն. Աբսին նշեց, որ Սիրիայում հայերն այլեւս հյուրեր չեն եւ դարձել են հասարակության կարեւոր մասնիկ:

Հանդիպման ավարտին, հրաժեշտ տալով հյուրին, Վեհափառ Հայրապետը բարի առաքելություն եւ արգասաբար աշխատանք մաղթեց նրան:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը: