Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի կապի նախարարին
Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության կապի նախարար Լեոնիդ Ռեյմանի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի ուղեկցությամբ:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերին, գոհություն հայտնեց հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության համար, ուրախությամբ փաստելով նաեւ երկու եկեղեցիների եղբայրական ջերմ հարաբերությունների մասին։ Վերջինիս առիթով Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայ եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջեւ ներկա համագործակցությանը, մասնավորապես կրթական ոլորտում։ Ինչպես նշեց Հայոց Հայրապետն, արդեն այս տարվանից ճեմարանավարտ ուսանողները կկարողանան իրենց կրթությունը շարունակել Ռուս Ուղղափառ եկեղեցու աստվածաբանական հաստատություններում:
ՌԴ կապի նախարարը, Վեհափառ Հայրապետին տեղեկացնելով Հայաստան այցի նպատակը, շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշելով, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ հանդիպումը մեծ պատիվ է իր համար։