Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց ՌԴ կառավարության նախագահ
Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Կասյանովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Նորին Սրբությունը, ողջունելով մեծարգո հյուրին, ուրախություն հայտնեց, որ պատմական դարավոր հենքի վրա խարսխված երկու ժողովուրդների բարեկամությունն այսօր արդեն օրեցօր զարգանում է նաեւ պետական մակարդակներով, ինչը կարեւոր նպաստ է բերում երկու երկրների առաջընթացին: Վեհափառ Հայրապետը նշեց նաեւ, որ նման այցելությունները Մայր Աթոռ Սբ. Էջմիածին նպաստում են հայ եւ ռուս ժողովուրդների հոգեւոր կապերի սերտացմանը:
Իր հերթին պրն. Կասյանովը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար` կարեւորելով եկեղեցու դերը հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության պահպանման եւ զորացման գործում:
Վեհափառ Հայրապետը նաեւ իր ցավակցությունը հայտնեց պրն. Կասյանովին ՌԴ մայրաքաղաքի Մշակույթի Տանը կատարված սոսկալի ահաբեկչության զոհերի համար` աղոթելով նրանց հոգիների խաղաղության եւ հանգստության համար:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պրն. Կասյանովին նվիրեց 1700-ամյակին նվիրված հոբելյանական հուշամեդալ եւ Հայ Եկեղեցու գանձերի մասին նկարազարդ ալբոմ: Պրն. Կասյանովն ու տիկ. Կասյանովան եղան նաեւ Վեհարանի թանգարանում: