Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Շավիլի քաղաքապետին
Սեպտեմբերի 14-ին, Խաչվերացի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շավիլի քաղաքապետ Ժան Լեւենի գլխավորած պատվիրակությանը: Ֆրանսիացի հյուրերի կողքին պատվիրակության կազմում էին բազմաթիվ ֆրանսահայ ուխտավորներ:
Վեհափառ Հայրապետն անդրադառնալով հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բազմամյա բարեկամությանը` ջերմորեն վերհիշեց իր այցը Շավիլ` 2001-ին Ֆրանսիա կատարած հովվապետական այցի ընթացքում:
Պարոն Լեւենը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դրվատանքով նշեց ֆրանսահայերի` իբրեւ այդ երկրի օրինակելի քաղաքացիների, նվիրվածությունը Ֆրանսիային: Քաղաքապետը շեշտեց, որ իրեն միշտ հիացմունք է պատճառել հայերի նվիրվածությունը եկեղեցուն, ինչպես նաեւ նրանց անսասան հավատը, որի շնորհիվ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում կարողացել է հաղթահարել բազում դժվարություններ: