Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռաֆայել Էստրելային

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռաֆայել Էստրելային:

Զրույցի ընթացքում պրն. Էստրելան Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ՆԱՏՕ-ի գործունեության գլխավոր խնդիրները, նշելով, որ կազմակերպությունը կողմնակից է բոլոր տեսակի տարաձայնությունների լուծմանը երկխոսության եւ փոխհասկացողության ճանապարհով: Պրն. Էստրելան նշեց նաեւ, որ ՆԱՏՕ-ն հատուկ ուշադրություն է դարձնում կովկասյան տարածաշրջանին եւ կարեւորում տարածաշրջանային երկրների մասնակցությունը եվրոպական գործընթացներին:

Վեհափառ Հայրապետը ողջունեց Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ վերջին տարիներին ձեւավորվող համագործակցությունը, վստահություն հայտնելով, որ այն իր օգտակարությունը կբերի տարածաշրջանի, ինչպես նաեւ ողջ աշխարհի խաղաղության ամրապնդմանը: