Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի պաշտպանության նախարարին
Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարար Լինաս Լինկեւիչուսի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ պաշտպանության փոխնախարար Միքայել Գրիգորյանի ուղեկցությամբ:
Վեհափառ Հայրապետը, ուրախություն հայտնելով հայ-լիտվական զարգացող հարաբերությունների առնչությամբ, վստահություն հայտնեց, որ պետական մակարդակով փոխայցելությունները կամրապնդեն ու առավել արդյունավետ կդարձնեն նաեւ երկու ժողովուրդների բարեկամությունը:
Հանդիպման ընթացքում խոսվեց զինված ուժերում հոգեւոր ծառայության կարեւորության մասին եւ այս ասպարեզում փոխհամագործակցության հնարավորության շուրջ: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ փաստեց, որ այսօր Հայոց բանակում հոգեւոր ծառայություն են իրականացնում շուրջ 30 հոգեւորականներ` նպաստելով քրիստոնեական-բարոյական սկզբունքների ամրապնդմանը զինծառայողների շրջանում:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը եւ ՀՀ զինված ուժերում Հոգեւոր ծառայության առաջնորդ Տ. Արշեն աբղ. Սանոսյանը: