Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Լեհաստանի Սենատի նախագահ Լոնգին Պաստուշիակին

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Լեհաստանի Սենատի նախագահ Լոնգին Պաստուշիակին 28.10.2002

Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Լոնգին Պաստուշիակին` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի ընկերակցությամբ:

Վեհափառ Հայրապետը ողջունելով պատվարժան հյուրին` ուրախություն հայտնեց երկու երկրների միջեւ զարգացող կապերի առնչությամբ:

Նորին Սրբությունը առանձնակի կարեւորեց ժողովուրդների բարեկամությունը եւ համոզմունք հայտնեց, որ յուրաքանչյուր ազգամիջյան խնդիր իր լուծումը կարող է գտնել միայն սիրո ու փոխհասկացողության մթնոլորտում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պրն. Պաստուշիակը կարեւոր նկատեց եկեղեցու դերը ժողովուրդների միջեւ բարեկամության հաստատման գործում` միաժամանակ բարձր գնահատելով նաեւ Հայ եկեղեցու էկումենիկ ոգին:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ անցած տարի Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյա հոբելյան առիթով Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու պետ Հովհաննես Պողոս Բ պապի Հայաստան կատարած այցին:

Հյուրերի խնդրանքով Նորին Սրբությունը ներկայացրեց Հայ Եկեղեցու ներկայիս գործունեությունը, անդրադարձավ եկեղեցի-պետություն հարաբերություններին: