Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Դավիթ Պելեգին

Հունվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսրայելի արտաքին գործերի նախարարության Կենտրոնական Եվրոպայի եւ Եվրասիայի բաժանմունքի փոխտնօրեն, դեսպան Դավիթ Պելեգին` ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ռուբեն Շուգարյանի եւ Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենի ուղեկցությամբ:

Հանդիպան ընթացքում խոսվեց աշխարհում եւ մասնավորապես Սբ. Երկրում խաղաղության հաստատման խնդիրների շուրջ եւ նշվեց կրոնական պետերի կարեւոր դերակատարությունն այս հարցում:

Վեհափառ Հայրապետը միաժամանակ գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների առնչությամբ` ընդգծելով, որ դրանց զարգացմանը իրենց նպաստն են բերում նաեւ հայ եւ հրեա համայնքները: Նորին Սրբությունն իր շնորհակալությունն ուղղեց նաեւ Իսրայելի իշխանություններին, որոնք ընդառաջելով Ամենայն Հայոց Հայրապետի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության եւ բազմաթիվ այլ դիմումներին, վճռեցին պատրիարքությանը պատկան Պարոն Տեր կալվածքի խնդիրը` չանտեսելով պատրիարքության իրավունքներն ու շահերը: