Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի դեսպանին

Հունիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս- Վուլֆ Բարթելսին:

Նորին Սրբությունը ողջունեց դեսպանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, նշելով, որ Սբ. Էջմիածինը համագործակցում ու ջերմ հարաբերությունների մեջ է Հայաստանում դիվանագիտական առաքելությունների եւ մասնավորապես Գերմանիայի դեսպանատան հետ:

Վեհափառ Հայրապետը, նշեց, որ առանձնակի ջերմությամբ է վերհիշում Գերմանիայում իր ուսման եւ հոգեւոր սպասավորության չորս տարիները եւ առանձնակի երախտագիտություն է տածում հանդեպ գերմանացի ժողովուրդն ու պետությունը Հայ եկեղեցու նկատմամբ ունեցած բարի ու մարդասեր վերաբերմունքի համար: Ինչպես տեղեկացրաց Նորին Սրբությունը, այսօր էլ Սբ. Էջմիածնի եւ Գերմանիայի կրոնական կազմակերպությունների միջեւ առկա են սերտ կապեր, որոնք ընդգրկում են ինչպես միջեկեղեցական, այնպես էլ բարեսիրական ու կրթական ոլորտներ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պրն. Բարթելսը հավաստեց, որ իր առաքելության ընթացքում ամեն ինչ կանի երկու երկրների եւ եկեղեցիների միջեւ ստեղծված ջերմ հարաբերությունների զարգացման համար: