Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Վանաձորի առաջնորդանիստ եկեղեցու հիմնարկեքը
Հունիսի 23-ին, վաղ առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վանաձոր (Գուգարաց թեմ)` կատարելու թեմի առաջնորդանիստ եկեղեցու հիմնարկեքը, որի հողօրհնեքի արարողությունը տեղի էր ունեցել անցած տարի մայիսի 25-ին: Ամերիկահայ տեր եւ տիկ. Սարգիս եւ Հռութ Բեդեւյանների բարերարությամբ կառուցվող առաջնորդանիստ այս շքեղ եկեղեցին կրելու է Սբ. Գրիգոր Նարեկացու անունը ի նշանավորումն այս տարի ազգովի տոնախմբվող` Սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի 1000-ամյակի:
Թեմի սահմանագլխին Վեհափառ Հայրապետին դիմավորեցին եւ Հայրապետական շքախմբին միացան Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանը, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը եւ մարզային ու քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ:
Մինչ հիմնարկեքի արարողությունը Նորին Սրբությանը եւ ուղեկից եկեղեցականներին ու ազգային բարերարներին բարիգալստյան խոսքով դիմեցին թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը եւ Լոռու մարզպետը` կարեւորելով առաջնորդանիստ եկեղեցու կառուցման անհրաժեշտությունը եւ դերը Վանաձորի բնակչության հոգեւոր արթնության համար:
Հիմնարկեքի արարողության ընթացքում ձեռամբ Վեհափառ Հայրապետի օծվեցին եկեղեցու 16 վեմ քարերը` կոչվելով Տիրոջ առաքյալների, 4 ավետարանիչների եւ Սբ. Գրիգոր Լուսավորչի անուններով: Ապա դրանք տեղադրվեցին նորակառույց եկեղեցու հիմքում:
«Փառք եւ գոհություն ենք բարձրացնում, որ մեր կյանքի դժվարին ժամանակներում Աստված ողորմության իր լայն դռները բացել է մեր ժողովրդի առջեւ եւ պարգեւում է շնորհը` եկեղեցի կառուցելու, աղոթքի մեր տները շենացնելու եւ մեր զավակներին համախմբելու մեր նվիրական հայրերի սրբազան ժառանգության եւ սուրբ հավատքի շուրջ:
...Տիրոջ ողորմության հայցումով այս եկեղեցին կոչում ենք Սբ. Գրիգոր Նարեկացու անունով, որպեսզի մեր սրբի բարեխոսությունը միշտ մեր ժողովրդի համար բարձրանա առ Աստված, որպեսզի նրա աղոթքները գան մաքրելու մեր հոգին, սրբելու մեր կյանքից ամեն արատավոր երեւույթ, աղոթքները գան` մեզ դառնալու բժշկություն, զորակցություն եւ ճանապարհ դեպի Աստված: ...Վստահ ենք, որ Սբ. Գրիգորի անունով այս եկեղեցին, որ պիտի վեր հառնի մեր բարերարների ազնիվ հոգու եւ առատաձեռնության շնորհիվ ու հայրենյաց մեր զավակների քրտնաջան աշխատանքով, պիտի գա հրաշագործելու վանաձորցի մեր հայորդիների կյանքում», - նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:
Հիմնարկեքի արարողությունից հետո Վեհափառ Հայրապետն այցելեց նաեւ թեմապատկան «Ծիծեռնակ» մանկական ճամբար:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանը, Հարավային Ռուսաստանի առաջնորդ Տ. Մովսես եպս. Մովսիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը, Մայր Աթոռի միաբաններ, ազգային բարերարներ տեր եւ տիկ. Սարգիս եւ Հռութ Բեդեւյանները, տեր եւ տիկ. Գառնիկ եւ Անի Յակուբյանները, ԱՄՆ Արեւմտյան, Վիրահայոց եւ Կանադայի Հայոց թեմերի թեմական խորհուրդների ատենապետերը եւ այլ թեմականներ: