Գարեգին Բ կաթողիկոսին հանձնվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանը բարձրագույն կրթական հաստատություն ճանաչելու մասին կառավարական որոշումը

2001-2002թթ. ուսումնական տարում ճեմարանում սովորում էր 103 ուսանող

ՀՀ կառավարության որոշմամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը ճանաչվել է որպես բարձրագույն ուսումնական հաստատություն։

Հուլիսի 2-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կառավարական սույն որոշումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին պաշտոնապես հանձնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը։

Ստանալով կառավարական որոշումը՝ Նորին Սրբությունն ի դեմս պրն. Թոփուզյանի իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնեց ՀՀ իշխանություններին Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։ Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց, որ այս որոշումը կնպաստի ճեմարանի կրթական մակարդակի բարձրացմանը եւ մեծ հնարավորություններ կբացի ճեմարանի ուսանողության առջեւ՝ թույլատրելով նրանց առավել դյուրությամբ շարունակելու հոգեւոր ուսումը Հայաստանի Հանրապետության եւ արտերկրի բարձրագույն կրթական այլ հաստատություններում։

* * *

Նույն օրը երեկոյան Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի 2001-2002թթ. ուսումնական տարվա ամավերջյան հանդիսությունը։

Հանդիսության ընթացքում ներկաներին ճեմարանի ընթացիկ տարվա գործունեությունը ներկայացրեց ճեմարանի տեսուչ Տ. Եղիշե ավ. քհն. Սարգսյանը։ Ինչպես տեղեկացրեց Տ. Եղիշեն, այս տարի ճեմարանում հոգեւոր կրթություն էր ստանում հարյուր երեք ուսանող, որոնցից վերջին լսարանն ավարտեց քսաներկուսը։

Հանդիսության ավարտին Նորին Սրբությունը, ներկաներին բերելով իր բարեմաղթանքներն ու օրհնությունը, բարձր գնահատեց ուսումնական այս տարում տեսչության եւ դասախոսական կազմի կատարած աշխատանքը եւ արձանագրած հաջողությունները՝ նշելով, որ նոր շրջանավարտները հույս են արթնացնում եւ լավատեսությամբ համակում դեպի եկեղեցու վաղվա օրը:

Հանդիսության ընթացքում գեղարվեստական հայտագրով հանդես եկան Գեւորգյան ճեմարանի սաները: