Գարեգին Բ կաթողիկոսը օրհնության եւ գնահատանքի գրեր հանձնեց Հայրապետական թափորների ամպհովանակիրներին

Փետրվարի 10-ին, Բուն Բարեկենդանի օրը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում հիմք դրվեց մի նոր ավանդույթի: Վեհարանի դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիսավոր պայմաններում հայրապետական օրհնության եւ գնահատանքի գրեր հանձնեց Հայրապետական պատարագների ամպհովանակիրներին` Հայ եկեղեցու ծիսաարարողական կյանքին որդիական պատրաստակամությամբ իրենց մասնակցությունը բերելու համար:

Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթի համաձայն ամպհովանին գործածվում է եկեղեցական մեծահանդես Հայրապետական թափորների ժամանակ` իբրեւ Աստծո հովանու ներկայություն եւ առաջնորդություն` այնպես ինչպես աստվածաշնչյան ամպի սյունը, որ հրեա ժողովրդին եգիպտական գերությունից առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր: Հայրապետական թափորների ամպհովանակիրներ են լինում ժողովրդի տարբեր դասերի պատվարժան ներկայացուցիչները:

Նորին Սրբություն Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական ընտրությունից ի վեր ամպհովանի կրելու պատվին են արժանացել Հայաստանի ու սփյուռքի ավելի քան երկու տասնյակ ճանաչված հայորդիք` ազգային բարերարներ, պետական ու հասարակական գործիչներ, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, մտավորականներ: Նրանց թվում են ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, սփյուռքահայ բարերարներ Էդուարդո Էորնեկյանը, Գառնիկ Յակուբյանը եւ այլոք: Հայրապետական օրհնության գրի է արժանացել նաեւ «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը` իբրեւ այս տարվա Ջրօրհնյաց արարողության կնքահայր:

Հանդիսության ընթացքում Հայրապետական վկայագրերը հանձնելով հայաստանցի ամպհովանակիրներին` Նորին Սրբությունն ասաց.

«Հայոց Հայրապետի կողքին մշտապես կանգնած են եղել մեր ազգի անվանի ու մեծավաստակ զավակունք` խորհրդանշելով Հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի միջեւ անքակտելի այն միությունը, որ մենք որպես մեր հայրերի նվիրական ու սրբազան ժառանգություն պարտավոր ենք պահել ու ամրապնդել»:

Մայր Աթոռին ծառայելը որդիական պարտք համարեց պրն. Սեն Արեւշատյանը, ամպհովանակիրների անունից հայտնելով շնորհակալություն Վեհափառ Հայրապետին: Իր հերթին երախտիքի խոսք ասաց նաեւ Իրանում Հայաստանի դեսպան պրն. Գեղամ Ղարիբջանյանը, նշելով, որ պատմության ընթացքում Հայ եկեղեցին դառնալով հայ ժողովրդի գոյատեւման հիմք, այսօր էլ հայոց պետականության կողքին պետք է որ շարունակի առաջնորդել իր ժողովրդին դեպի հարատեւություն:

Հանդիսության ընթացքում ամպհովանու խորհրդի եւ գործածության վերաբերյալ բանախոսեց «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր Վարդան Դեւրիկյանը: Ընթերցվեցին հայ մատենագրությունից ու գրականությունից քաղված Հայրապետական թափորները նկարագրող պատառիկներ: Ներկաներն առիթ ունեցան ունկնդրելու նաեւ գեղեցիկ հոգեւոր երաժշտություն` Հայաստանի կամերային երգչախմբի կատարմամբ:

***

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, շնորհավորելով բոլոր ամպհովանակիրներին Հայրապետական օրհնության վկայագրեր ստանալու առիթով, իր մասնավոր շնորհավորանքներն է հղում մամուլի ներկայացուցիչներին` «Էջմիածին» ամսագրի եւ «Ազգ» թերթի գլխավոր խմբագիրներ Վարդան Դեւրիկյանին եւ Հակոբ Ավետիքյանին: