Գարեգին Բ կաթողիկոսը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձնեց Հայ եկեղեցու բարերար Ազատ Ասատուրովին
Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հարավային Ռուսաստանի թեմական պատվիրակությանը` թեմակալ առաջնորդ Տ. Մովսես եպս. Մովսիսյանի առաջնորդությամբ, որի ընթացքում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձնեց եկեղեցանվեր բարերար Ազատ Ասատուրովին:
Հարավային Ռուսաստանի թեմակալ առաջնորդի եւ թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ, Հայրապետական կոնդակով Հայ եկեղեցու բարձրագույն պարգեւը շնորհվել է պրն. Ասատուրովին ազգային կյանքում ունեցած մեծ վաստակի համար:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը ընթերցեց Հայրապետական կոնդակը, որում մասնավորապես ասված է.
«Մեծարգո պրն. Ասատուրով, մեծապես ուրախ ենք հասարակական կյանքում արձանագրած Ձեր հաջողութիւններով, որ հայրենիքից հեռու բարի անուն ու ճանաչում են բերում Ձեզ` մեր Եկեղեցու ու ժողովրդի արժանավոր զավակիդ: Գովելի ու բարձրորեն գնահատելի են Ձեր ջանքերը` ներդրված հանուն Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի զորացման ու պայծառության: Աստվածահաճո Ձեր ձեռնարկների պսակն է Ադլերում կառուցված Սուրբ Սարգիս Եկեղեցին, որի սրբազան կամարների ներքո բարեպաշտ հայորդիները իրենց աղոթքն են առ Աստվւած բարձրացնում, հաղորդվում Աստվւածային սուրբ խորհուրդներին եւ արժանանում երկնապարգեւ շնորհների»:
Պրն. Ազատ Ասատուրովին հանձնելով բարձր պարգեւը, Նորին Սրբությունը մեկ անգամ եւս բարձր գնահատեց ազգին, հայրենիքին ու եկեղեցուն բարերարի մատուցած ծառայությունը: