Գարեգին Բ կաթողիկոսը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձնեց Հայ եկեղեցու բարերարների
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական կոնդակով Հայ եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշան է շնորհվել Հայ եկեղեցու բարերարներ տեր եւ տիկին Չարլզ եւ Գրեյս Փինեճյաններին, Սարգիս եւ Հռութ Բեդեւյաններին եւ Նուբար եւ Անիտա Ջեսուրյաններին` ի գնահատություն նրանց եկեղեցաշեն ու ազգանվեր գործունեության: Տեր եւ տիկին Ռոբերտ եւ Ջուլիետ Աբելյանները պարգեւատրվեցին Հայրապետական օրհնության եւ գնահատանքի գրով:
Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Վեհարանի հանդիսությունների սրահում այս առիթով տեղի ունեցավ հանդիսություն, որի ընթացքում Վեհափառ Հայրապետը բարձրագույն պարգեւներն ու օրհնության գրերը հանձնեց մեծանուն բարերարներին` երախտագիտությամբ նշելով, որ «Եկեղեցին կանգուն ու պայծառ է իր բարեպաշտ զավակների ներկայությամբ, ովքեր բարի գործերով վկայում են իրենց հավատարմությունը Փրկչին, ազգին ու Հայրենիքին»:
Ամերիկաբնակ բարերարներն, ի թիվս ազգաշեն եւ եկեղեցաշեն բազմաթիվ գործերի, իրենց կարեւոր ներդրում են ունեցել Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի հաստատման ու կայացման գործում: Ինչպես նշված է Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակում, «Հայաստանի անկախութեան հետ ծնունդ առած հոգեւոր կրթօջախը, այսօր իր շրջանավարտներով լրացնում է գիտակ ու նվիրյալ հոգեւորականների շարքերը Հայ Եկեղեցու անդաստանում»: Երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի անունը կրող դպրանոցը տվել է արդեն շրջանավարտների հինգ սերունդ, որոնք սպասավորում են Հայաստանի եւ արտերկրի հավատավոր հայ ժողովրդին:
«Անչափ հպարտ եմ մեր ժողովրդի զավակներով, որոնք գիտեն իրենց վաստակը շաղախել հայ եկեղեցականների աշխատանքին եւ բարիքներ ստեղծել, իբրեւ երաշխիք մեր գոյության եւ մեր հարատեւության», - ասաց Վեհափառ Հայրապետը` իր գնահատանքը հղելով բարերարներին:
Հանդիսությանը ներկա էին ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիար Ջոն Օրդվեյը, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբաններ եւ բարեպաշտ հայորդիներ:
Հանդիսությանը գեղարվեստական հայտագրով հանդես եկան Վազգենյան հոգեւոր դպրանոցի սաները, Արաբկիրի Հայորդյաց տան կամերային նվագախումբը եւ Նորքի Հայորդյաց տան «Հայկազունք» երգչախումբը: