Գարեգին Բ Կաթողիկոսը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ երկրների միջկրոնական խաղարարական 2-րդ ներկայացուցչական ժողովին

Գարեգին Բ Կաթողիկոսը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ երկրների միջկրոնական խաղարարական 2-րդ ներկայացուցչական ժողովին 01.03.2004

Մարտի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնում է Մոսկվա` մասնակցելու մարտի 2-4-ը կայանալիք միջկրոնական խաղաղարարական 2-րդ ներկայացուցչական ժողովին:

Ներկայացուցչական այս հավաքին մասնակցելու են ԱՊՀ երկրների հոգեւոր առաջնորդներ, կրոնական գործիչներ, միջկրոնական միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պետական այրեր, գիտական ու հասարակական գործիչներ: Ամենայն Հայոց Հայրապետի շքախմբում են Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը, ՀՀ Սահմանադրական Դատարանի եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ Ռաֆայել Պապայանը, ՀՀ արտգործնախարարի խորհրդական Կարեն Նազարյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Մկրտչյանը:

2000թ. ի վեր արդեն երկրորդ անգամ գումարվող միջկրոնական ժողովի հիմնական նպատակն է համատեղ աշխատանքով նպաստել կրոնների եւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդմանը, հոգեւոր ավանդական արժեքների հաստատմամբ` կայուն ու միասնական հասարակության ձեւավորմանը:

Այս համաժողովի ընթացքում նախատեսվում է հիմնել ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն 20-ից ավելի հոգեւոր առաջնորդներ: