Գարեգին Բ Կաթողիկոսը կայցելի Մոսկվա եւ Հարավային Ռուսաստանի թեմ
Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մոսկվայի եւ Համայն Ռուսաստանի Պատրիարք Ալեքսի Բ-ի հրավերով կմեկնի Մոսկվա` մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք Ռուս Պատրիարքի եւ Կովկասի կրոնական առաջնորդների քառակողմ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդը, Ամենայն Հայոց Հայրապետը, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը եւ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ Ուլ-իսլամ Ալլահ–շյուքյուր Փաշա-զադեն կքննարկեն կովկասյան տարածաշրջանում խաղաղության ամրապնդման եւ միջկրոնական հանդուրժողականության զորացմանը վերաբերող խնդիրներ:
Վեհափառ Հայրապետին կընկերակցեն Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Տ. Մեսրոպ աբղ. Պարսամյանը` որպես գավազանակիր եւ Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամ Ռաֆայել Պապայանը:
Մոսկովյան հանդիպումից հետո, նոյեմբերի 27-ին Գարեգին Բ Կաթողիկոսն իր օրհնաբեր հայրապետական այցը կկատարի Հարավային Ռուսաստանի հայոց թեմ: Այցի ընթացքում Նորին Սրբության ձեռամբ կօծվի Պյատիգորսկի Սբ. Սարգիս նորակառույց եկեղեցին: Վեհափառ Հայրապետը կմասնակցի նաեւ Վլադիկավկազի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման 160-ամյակին նվիրված տոնակատարություններին: Նախատեսվուն են նաեւ հանդիպումներ տեղի իշխանությունների եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների հետ: