Գարեգին Բ կաթողիկոսը ծաղկեպսակ դրեց անհայտ զինվորի գերեզմանին

Մայիսի 9-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգեւորականներ ու միաբաններ ուղեւորվեցին Երեւանի Հաղթանակի այգի, որտեղ հոգեւորականների հանդիսավոր թափորը շարժվեց դեպի անհայտ զինվորի գերեզման: Վեհափառ Հայրապետը եւ Մայր Աթոռի միաբանները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին անհայտ զինվորի գերեզմանին:

Հաղթանակի այս հանդիսավոր տոնի առիթով Վեհափառ Հայրապետն ասաց. «Այսօր երկրորդ համշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Բայց նաեւ ազգային մեր կյանքում նշանավոր օր է: Այսօր Արցախ աշխարհում մեր ժողովրդի զավակները տոնախմբում են Շուշիի ազատագրության օրը, որը նաեւ հռչակված է որպես երկրի պաշտպանության բանակի օր: Մենք այս առիթով մեր աղոթքն ենք բարձրացնում, որպեսզի երբեք աշխարհը եւ մարդկությունը չտեսնեն պատերազմներ, ապրեն խաղաղության, սիրո համագործակցության մեջ, որպեսզի փառավորվի Տիրոջ անունը եւ մարդիկ կարողանան իրենց արդար քրտինքի վաստակով երջանկանալ, ուրախանալ ու շենացնել իրենց կյանքն ու իրենց երկիրը: Մեր աղոթքն ու մաղթանքն է նաեւ, որ Աստծո զորավոր աջը միշտ հովանավոր լինի հայոց բանակին, որը պաշտպանում է մեր երկրի սահմանները եւ Հայոց աշխարհի խաղաղությունը: Տիրոջ բարի հայացքը թող լինի մեզ հետ, մեր ժողովրդի զավակների հետ եւ պարգեւի մեզ երջանիկ, խաղաղ կյանքի օրեր»: