Գարեգին Բ Կաթողիկոսը ավագության պատիվ շնորհեց Տ. Պողոս քհն. Պարոնյանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջելով Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթեւ Արքեպիսկոպոս Ղարիբյանի խնդրանքին, հոկտեմբերի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ավագ քահանայության պատիվ շնորհեց Բրազիլիայի Հայոց թեմի հոգեւոր սպասավոր, Օզասկոյի Ս. Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Պողոս քհն. Պարոնյանին` ի գնահատություն երկարամյա եւ արդյունաշատ ծառայության:
Տեր Հոր նախանձախնդիր ծառայության ականատեսն է եղել նաեւ Ամենայն Հայոց Հայրապետը` այս տարի Բրազիլիա կատարած հովվապետական այցի ընթացքում:
Հայրապետական Սրբատառ Կոնդակի ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց, որ 20-ամյա քաջ ու բարի հովվի իր փորձառությամբ Տեր Հայրը կշարունակի ծառայել ի շահ հայոց գաղութի բարօրության:
«Դուք պետք է լինեք ոգին հայոց գաղութի եւ Ձեր ոգուց պիտի կայծ առնի հայաշունչ կյանքը: Առաջնորդեցեք հայորդիներին առավել նախանձախնդրությամբ եւ ծառայասիրության ու հայրենասիրության Ձեր անձնական օրինակով:», - նշեց Նորին Սրբությունը:
«Մեր աչքերը միշտ դարձած են դեպի Սուրբ Էջմիածին եւ մեր հույսը Հայաստանն է եւ մեր Մայր Եկեղեցին Ձերդ Սրբության գլխավորությամբ»,- ասաց Պողոս ավագ քահանան` շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին բարձր պատվի համար եւ վստահեցնելով, որ կանի անկարելին հայապահպանության եւ հայ եկեղեցու հեղինակության առավել բարձրացման համար:
Ավագության պատվի շնորհման արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Մայր Աթոռի միաբաններ: