Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ ներքին գործերի նախարար Բորիս Գրիզլովի գլխավորած պատվիրակությանը

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Բորիս Գրիզլովի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ:

Հանդիպման ընթացքում ՀՀ եւ ՌԴ նախարարները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին երկու երկրների իրավապահ մարմինների փոխգործակցությունը` գոհունակությամբ նշելով վերջինիս արդյունավետության մասին:

Նորին Սրբությունը ուրախություն հայտնեց, որ իրավապահ մարմինների համագործակցությունը գալիս է հաստատելու այն իրողությունը, որ դարերի փորձություն կրած հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը շարունակվում է զարգանալ նույն եղբայրության եւ փոխհասկացողության ոգով: Ինչպես նշեց Վեհափառ Հայրապետը, այդ ոգին առկա է նաեւ Հայ եկեղեցում, որի հայրապետները եւս դարեր շարունակ նպաստել են երկու ժողովուրդների բարեկամության կերտմանը:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովը եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը: