Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Աբովյանի կանանց եւ անչափահասների կալանավայր
Մարտի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ` Աբովյանի կանանց եւ անչափահասների կալանավայր, Մեծ Պահոց շրջանում, Քրիստոսի հարության խորհրդով մխիթարություն բերելու ազատազրկման մեջ գտնվող կանանց եւ անչափահասներին:
Այցի ընթացքում քրեակատարողական վարչության պետ Ս. Հովհաննիսյանը եւ կալանավայրի պետ Յ. Ջամալյանը Նորին Սրբությանը ներկայացրեցին կալանավայրի խնդիրներն ու առօրյան, որից հետո Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցավ ազատազրկվածների հետ եւ իր պատգամը ուղղեց նրանց:
«Աստված ամենուր մեզ հետ է, Աստված հավասարապես սիրում է ամենքիս եւ դեպի Աստված դարձի ճանապարհը բոլորիս առջեւ բաց է: Պարզապես պետք է կարողանանք ինքներս մեր մեջ գտնել արիությունը այդ ճանապարհը տեսնելու, տեսնելու մեր կյանքի մեջ Լույսը եւ առաջնորդվելու դեպի այդ լույսը` թողնելով մեր հետեւում եւ խավար, եւ բոլոր տեսակի այն մտածումներն ու զգացումները, որոնք հեռացնում են մեզ Աստծուց»,- ասաց Նորին Սրբությունը:
Վեհափառ Հայրապետը նշեց, որ Հայ եկեղեցին մշտապես հիշում է իր բոլոր զավակներին` հայցելով Տիրոջ օգնականությունը, սերը եւ ողորմությունը, որպեսզի ամենքին առաջնորդի կյանքի շիտակ ճանապարհով:
Հանդիպման ավարտին ազատազրկվածները ներկայացրեցին գեղարվեստական հայտագիր, ապա` Նորին Սրբությունը առանձին զրույց ունեցավ նրանց հետ:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը եւ ՀՀ զինված ուժերի հոգեւոր տեսուչ Տ. Արշեն աբեղա Սանոսյանը: