Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով:
Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ մայիսյան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործություններով: Նրանց փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը մեր անկախ պետականության վերահաստատման, որը դարավոր երազանքն էր մեր ժողովրդի:
Հանուն հայրենիքի, մեր ինքնության ու պետականության համար պայքարած խրոխտ հայորդիների սխրանքը, ազգի ու մեր սրբությունների հանդեպ սիրո և հավատարմության վկայությունը պատգամ է յուրաքանչյուրիս՝ լինելու արժանավոր ու նվիրյալ զավակը ազգի և հայրենյաց:
Սիրելիներ, այսօր էլ նույն ոգով, միասնականությամբ կարող պիտի լինենք պահպանել մեր անկախ պետականությունը, Հայաստանում և Արցախում մեր ձեռքբերումները՝ վաղվա օրվա լավատեսությամբ շարունակելով զարգացող երկիր կառուցել և կերտել շեն ու լուսավոր մեր ապագան:
Ի խորոց սրտի Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Երկնավոր Տերը զորացնի և անսասան պահի հայրենի մեր պետականությունն ու օգնական լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ արգասավորելով ի սեր հայրենյաց բոլորիս ջանքերն ու իրագործումները:
Օրհնությամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ