Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը կանանց՝ Մարտի 8-ի առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով հետեւյալ շնորհավորական ուղերձն է հղել կանանց։
«Մարտի 8-ի տոնական առիթով շնորհավորում ենք բոլոր կանանց եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում Հայրապետական Մեր օրհնությունը։
Մեր մաղթանքն է, որ Աստված մշտապես շնորհազարդի մեր մայրերին ու քույրերին` քրիստոնեական առաքինություններով, սիրով ու նվիրումով շարունակելու պահպանել ընտանեկան հարկերի ջերմությունը, իրենց կյանքով ու հավատավոր գործերով ծառայելու ազգային-հասարակական մեր կյանքի զորացմանը եւ նոր ավանդներ բերելու գիտության, մշակույթի ու կրթության ասպարեզներում։
Թող Տիրոջ օրհնությամբ սերը, լավատեսությունն ու խաղաղությունը թագավորեն կանանց առաքինազարդ հոգիներում եւ ճառագեն իբրեւ գեղեցկություն ու երջանկություն։
Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան. ամէն»։