Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Սահակ - Ս. Մեսրոպ» շքանշան շնորհեց ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին

Ապրիլի 20-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում` Վեհարանի հանդիսությունների սրահում, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ հանդիսություն` ականավոր գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին Հայ Եկեղեցու «Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ» շքանշանով պարգեւատրելու առթիվ:

Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով: ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, արժեւորելով Սերգեյ Համբարձումյանի հայրենանվեր գործունեությունը, շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` ականավոր գիտնականին պարգեւի արժանացնելու համար: «Էջմիածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը: Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանն ընթերցեց Հայրապետական կոնդակը, որտեղ մասնավորաբար ասվում է.

«Ձեր անհոգնաբեկ ջանքերը բազում բարի պտուղներ են տվել հայ կյանքի անդաստաններից ներս, քանզի գիտական ու մանկավարժական Ձեր գործունեությունը Դուք միշտ իմաստավորել եք հարազատ մեր ժողովրդի եւ Հայրենիքի հանդեպ մեծ ու անկեղծ սիրով: Դուք հայ մտավորականության այն առաջամարտիկներից եք, ովքեր առանց երկմտանքի զինվորագրվեցին Արցախի ազատագրության սրբազան գաղափարին եւ բարձր ատյաններում պաշտպանեցին մեր արդար դատը: Մենք ծանոթ ենք նաեւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ Ձեր անմնացորդ սիրուն ու մատուցած ծառայություններին, որոնց գնահատանքով երկիցս ընտրվել եք Ազգային-Եկեղեցական Ժողովի պատգամավոր եւ Ատենապետ»:

Հանդես գալով շնորհակալական խոսքով` Սերգեյ Համբարձումյանն ասաց. «Սա իմ կյանքի ամենաթանկ պարգեւներից մեկն է: Ինչո°ւ մեկը եւ ոչ թե` միակը: Մեկը, որովհետեւ իմ կյանքի ամենամեծ պարգեւն այն է, որ ծնվել եմ հայ: Երկրորդ պարգեւը ստանում եմ Հայ եկեղեցուց: Գիտությունը, կրթությունն ու մշակույթը այն երեք ամենամեծ սյուներն են, որոնց վրա կառուցվել է մեր պատմությունը, եւ դրանց վերեւում եղել է մեր եկեղեցին»:

Այնուհետեւ օրհնության խոսք ասաց Վեհափառ Հայրապետը: «Մեծերին հարգելը, մեծերի վաստակի ու համբավի առջեւ խոնարհվելը փառք է եւ° տվյալ անհատի, եւ° տվյալ ժողովրդի համար: Կարծում եմ դա է ճանապարհը նաեւ, որը պիտի մեզ նոր բարձունքների առաջնորդի, մեզ ոգի եւ կյանք տա, ապրելու ուժով լցնի», - նշեց Վեհափառ Հայրապետը:

Հանդիսության գեղարվեստական մասում իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտ կատարողները: