Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆինլանդիա
Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ֆինլանդիայի եւ Տուրկուի արքեպիսկոպոս Ջուկա Պաարմայի հրավերով պատասխան այցով մեկնեց Ֆինլանդիա: Ֆինլադիայի Ավետարանական Լյութերական Եկեղեցու պաշտոնական պատվիրակությունը` գլխավորությամբ Ֆինլանդիայի եւ Տուրկուի արքեպիսկոպոս Ջուկա Պաարմայի Նորին Սրբության հյուրն էր երկու տարի առաջ:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը` իբրեւ գավազանակիր:
Հնգօրյա այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի Ֆինլանդիայի Աստվածաշնչային ընկերություն, Ուղղափառության եւ Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոն: Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա նաեւ Հելսինկիի եւ Յոենսուի համալսարանների աստվածաբանական ֆակուլտետների դասախոսների եւ ուսանողների հետ եւ հանդես կգա դասախոսությամբ: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ֆինն ուղղափառ եկեղեցու գահակալ արքեպիսկոպոս Լեոյի, Ֆինլանդիայի վարչապետի եւ պետական բարձրաստիճան այլ անձանց հետ:
Այցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը Հելսինկիում հանդիպում կունենա նաեւ ֆինլանդաբնակ հայության հետ: Նորին Սրբության օրհնությունը ստանալու նպատակով Ֆինլանդիայի մայրաքաղաք կայցելեն նաեւ մերձակա երկրներում բնակություն հաստատած հայորդիներ:
Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին կվերադառնա հունիսի 7-ին: