Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մեծ Բրիտանիա

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մեծ Բրիտանիա 11.06.2004

Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Անգլիկան եկեղեցու պետ Քենթրբերիի Արքեպիսկոպոս Ռոուան Ուիլյամսի հրավերով մեկնեց Մեծ Բրիտանիա: Պաշտոնական այցի ավարտին Վեհափառ Հայրապետը նաեւ անդրանիկ հովվապետական այց կկատարի Անգլիայի հայոց թեմ:

Հունիսի 10-14-ը Ամենայն Հայոց Հայրապետը կհյուրընկալվի Անգլիկան Եկեղեցու վարչական կենտրոնում` Լամբեթի պալատում: Հունիսի 11-ին Նորին Սրբությունը հանդիպում կունենա Քենթրբերիի Արքեպիսկոպոսի հետ, ապա Բուկինգհեմյան պալատում կհանդիպի Անգլիայի թագուհի Նորին Մեծություն Էլիզաբեթ Երկրորդի հետ: Անգլիկան Եկեղեցի պաշտոնական այցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը կհյուրընկալվի Նիկիական ակումբում, կայցելի Սբ. Էդվարդի եւ 20-րդ դարի նահատակների դամբարան, կլինի Սբ. Մարիամի աբբայությունում եւ Քենթրբերիի Արքայական դպրոցում: Նորին Սրբությունը կմասնակցի նաեւ եկեղեցական արարողությունների, իսկ հունիսի 13-ին կքարոզի Քենթրբերիի Մայր Տաճարում:

Նախատեսվում է նաեւ Հայոց Հայրապետի այցը Հույն Ուղղափառ Եկեղեցու Թյատերիայի եւ Մեծ Բրիտանիայի արքեպիսկոպոս Գրեգորիոսին, ինչպես նաեւ հանդիպում Արեւելյան ուղղափառ եկեղեցիների խորհրդի հետ:

Հունիսի 14-18-ը Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնաբեր այցը կտա Անգլիայի հավատավոր հայոց հոտին: Նորին Սրբությունը կայցելի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցի, կմասնակցի Սբ. Պատարագի` Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում: Այս օրերին Վեհափառ Հայրապետը կհանդիպի նաեւ Մանչեսթրի հայ համայնքի հետ:

Հայոց Հայրապետին ուղեկցում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը` իբրեւ գավազանակիր եւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը: