Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժեշտ տվեց Սիրիայի դեսպանին
Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին հրաժեշտ տալու նպատակով Մայր Աթոռ Սբ. Էջմիածին այցելեց Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Համեդ Հասանը, որն ավարտում է դիվանագիտական իր առաքելությունը Հայաստանում:
Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց դեսպանի ավելի քան 4-ամյա գործունեությունը մեր երկրում` հաստատելով, որ շնորհիվ դեսպանի ջանքերի տեսանելի արդյունքներ են արձանագրվել երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերությունների զորացման գործում:
«Խորապես զգացված ենք նաեւ այն օգտակարության համար, որ ձեր գործունեության ընթացքում ցուցաբերել եք Հայ եկեղեցու եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի նկատմամբ», - ասաց Վեհափառ Հայրապետը` մասնավորապես հիշատակելով դեսպանի ջանքերը անցած տարի Հայոց Մեծ եղեռնի տարելիցին Նորին Սրբության Դեր Զոր կատարած ուխտագնացության կազմակերպման գործում:
«Հայաստանում գտնվելուս ընթացքում Էջմիածինն ինձ համար մշտապես եղել է կարեւոր ու մեծ նշանակություն ունեցող այն վայրը, ուր ցանկացել եմ լինել: Վերադառնում ենք Սիրիա լավագույն տպավորություններով Ձեր երկրի, ժողովրդի եւ Եկեղեցու մասին», - ասաց պրն. Համեդ Հասանը` իր երախտագիտությունը հայտնելով Վեհափառ Հայրապետի բարձր գնահատանքի եւ ուշադրության համար:
Հրաժեշտ տալով դեսպանին` Նորին Սրբությունը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական հետագա առաքելության մեջ` համոզմամբ, որ այսուհետ եւս այն գործի է դրվելու ի շահ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության: