Բեթղեհեմում վիրավորված Արմեն Սինանյանի առողջական վիճակը կայուն է

Բեթղեհեմում վիրավորված Արմեն Սինանյանի առողջական վիճակը կայուն է 11.04.2002

Ապրիլի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արք. Մանուկյանից խորը ցավով եւ անհանգստությամբ տեղեկացավ Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի Ժառանգավորաց վարժարանի սան` 22-ամյա հայաստանցի (Սյունիքի մարզ, գյուղ Քարահունջ) Արմեն Սինանյանի վիրավորվելու մասին: Ուրարակիր Արմեն Սինանյանը հայ 7 հոգեւորականներից էր, որոնք շարունակում են մնալ Բեթղեհեմի Սբ. Ծննդյան տաճարում: Հույն եւ Լատին եկեղեցիների հոգեւորականների հետ մեկտեղ (ընդհանուր թվով՝ 50 հոգի) նրանք 10 օր է, ինչ շրջափակված են սրբավայրում:

Համաձայն Երուսաղեմի Հայոց Պատրիարքի հաղորդած տեղեկության, Արմեն Սինանյանը վիրավորվել է աջ ուսից: Կրակոցի պատճառները դեռեւս հստակ չեն: Արմեն Սինանյանն անմիջապես հոսպիտալացվել է Հադասսա համալսարանի հիվանդանոց եւ վիրահատության ենթարկվել: Պատրիարքարանից ստացված վերջին տեղեկության համաձայն, վիրահատվածի առողջական վիճակը կայուն է։ Նա գտնվում է մշտական խնամքի ներքո: Հայաստանում Վեհափառ Հայրապետն անձամբ հանդիպում կունենա նաեւ Սինանյանի ծնողների հետ:
Ամենայն Հայոց Հայրապետը վերջին մի քանի շաբաթների ընթացքում մշտական կապի մեջ է Երուսաղեմի Ամենապատիվ Պատրիարքի հետ եւ շարունակում է լուրեր ստանալ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:
«Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը եւ աշխարհասփյուռ Հայ Առաքելական Եկեղեցին աղոթում են Երուսաղեմի Պատրիարքի, Սբ. Հակոբյանց միաբանության, Սբ. Երկրում բնակվող հայ համայնքի ապահովության համար: Մենք նաեւ աղոթում ենք ուրարակիր Արմեն Սինանյանի շուտափույթ ապաքինման, Բեթղեհեմում տիրող իրավիճակի խաղաղ լուծման համար, եւ իսրայելյան ու պաղեստինյան ժողովուրդների միջեւ վերջնական հաշտության հաստատման համար»,- հայտարարեց Նորին Սրբությունը:
Իսրայելա-Պաղեստինյան հակամարտության վերջին շրջանի աննախադեպ լարվածության, ինչպես նաեւ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան սրբատեղիները ռազմական գործողությունների շրջագծում հայտնվելու առնչությամբ Հայոց Հայրապետն արդեն իսկ իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնել` ուղերձ-նամակներ հղելով Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին եւ Պաղեստինյան իշխանության առաջնորդ Յասեր Արաֆաթին։ Վեհափառ Հայրապետը կոչ է արել հակամարտող կողմերին «գործադրել ամեն միջոց, որպեսզի Բեթղեհեմյան սրբատեղիները զերծ մնան պղծումներից ու ավերածություններից»։