Արգենտինայի, Ուրուգվայի և Բրազիլիայի Հայոց Թեմերի Առաջնորդների և սպասավորող հոգևորականների հայրական և եղբայրական կոչը
‹Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայնն, ով Աստված․․․›› ։
‹‹Նոր Հայաստան, Նոր Հայրապետ›› նախաձեռնության Սիրելի հայորդիներ, սիրելի հոգևոր հայրեր։
Հեռավոր Հարավային Ամերիկայից մեր հայրական և եղբայրական կոչն ու հորդորն ենք բերում ձեզ՝ դադարեցնելու անհանդուրժողական պայքարը Առաքելական մեր Սուրբ եկեղեցու և իր գահակալի՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։ Քրիստոսահաստատ մեր Սուրբ Եկեղեցին իր շուրջ երկու հազարամյա պատմության ընթացքի մեջ շարունակաբար իրականացրել է առաքելաշավիղ մեր Սուրբ Հայրերի և Հայրապետների կողմից առաջնորդվող հայրենանվեր առաքելություն։ Դարերի ընթացքում ստանձնած լինելով ժողովուրդին առաջնորդող Սուրբ և նվիրական բազմաթիվ գործառույթներ, այսօր ձեր կազմակերպած ոչ կանոնական նախաձեռնության պատճառով՝ սասանում եք Մեր Սուրբ Եկեղեցու նվիրական առաքելության ամուր հիմքերը։ Վստահաբար քաջատեղյակ եք օրինական և կանոնական այն բոլոր ճանապարհներին, որոնց միջոցով է հնարավոր միայն ու միայն լուծել Մեր Եկեղեցում եղած խնդիրները։ Վերջին տասնամյակներում իրականացված բոլոր ձեռքբերումները ծանրակշիռ առավելություն ունեն ներկայումս առկա խնդիրների նկատմամբ։ Պետք չէ կույր լինել, կամ կույր ձևանալ, այլ պետք է համարձակությունն ունենալ տեսնելու նաև դրականն ու լավը, որոնք լայնորեն ընդգրկված են հասարակության գրեթե բոլոր բնագավառներում։ Քրիստոսի քարոզած հավատքը, անհնազանդության կոչ չեղավ երբեք, այլ հակառակը՝ խաղաղության։
Մեր հայրական և եղբայրական հորդորն է, որ սիրով և հավատարմությամբ զորավիգ լինենք Սուրբ Էջմիածնի մշտանորոգ առաքելությանը, որդիական անսակարկ և նվիրյալ ծառայությամբ մեր համախմբումը Հայոց Հայրապետի շուրջ։
Աղոթում ենք ամենքիդ համար, որ Բարձրյալն Աստված մեզ տանի խաղաղության և ճշմարտության ճանապարհով, որպեսզի Աստվածային սիրով առ լեցուն մեզանից հեռու վանենք չարի բոլոր գործերը։
Գիսակ արքեպս․ Մուրադյան
Հակոբ արքեպս․ Գլնճյան
Նարեկ եպս․Բերբերյան