Ավարտվեց միաբանական ընդհանուր համագումարը

Ավարտվեց միաբանական ընդհանուր համագումարը 29.07.2003

Հուլիսի 26-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում իր աշխատանքն ավարտեց միաբանական եռօրյա համագումարը:

Օրվա նյութն էր Տ. Արմաշ աբեղա Նալբանդյանի «12 առաքյալների առաքելությունը եւ մեր նպատակի իրականացումը» թեմայով բանախոսությունը: Վերջինիս շուրջ ծավալվեցին քննարկումներ, ապա` ամփոփվեցին համագումարի արդյունքները:

Եզրափակիչ նիստը նախագահում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նիստին իրենց մասնակցությունը բերեցին նաեւ Հայաստանի եւ սփյուռքի մի շարք թեմակալ առաջնորդներ, որոնք ներկայացրեցին թեմերից ներս կատարվող աշխատանքները, պատասխանեցին միաբան հայրերի հարցերին` առնչված եկեղեցական կյանքի կազմակերպման մի շարք խնդիրների:

Երեկոյան համագումարի մասնակիցները ուխտի մեկնեցին Օշական, ուր մասնակից դարձան երեկոյան ժամերգությանը:

Կիրակի, հուլիսի 27-ին, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, միաբանները քարոզչական առաքելությամբ մեկնեցին Գեղարքունյաց թեմ: Մարզային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ միաբան հայրերն առանձին խմբերով այցելեցին թեմի երկու տասնյակից ավելի համայնքներ, հանդիպում ունեցան հավատացյալների հետ, մասնակից դարձան տոնի առիթով կազմակերպված հանդիսություններին: