Ավարտվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը
Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի եւ օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Հայաստանի ու Արցախի շուրջ ընթացող զարգացումների, երկրի առջեւ ծառացած մարտահրավերների, արցախահայության իրավունքների պաշտպանության, նրանց ուղղված սոցիալական աջակցության և Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացված նախաձեռնությունների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի Սոցիալական Ծառայության վարչական խորհրդի ատենապետ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Տիար Արման Թաթոյանը։
Քննարկման ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց հրադադարի պայմաններում Ադրբեջանի անթաքույց ծավալապաշտական նկրտումները, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունները և թշնամանքի ու հայատյացության քարոզչությունը։ Հայրենիքի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների հաղթահարման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Գերագույն հոգեւոր խորհուրդը կենսական և կարևոր համարեց համազգային միաբանությունը, ազգային կառույցների ներուժի արդյունավետ կենտրոնացումը, Հայաստան և սփյուռք հարաբերությունների առողջացումն ու գործակցության պատշաճ կազմակերպումը։
Ժողովականները նաեւ աղոթք բարձրացրեցին օրեր առաջ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի պատճառով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։
Անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից որդեգրված Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության թիրախավորման ու յուրացման քաղաքականությանը, պատմամշակութային արժեքների, պատմական սրբատեղիների ու շիրիմների պղծման ու ոչնչացման դեպքերին։ Գերագույն հոգևոր խորհուրդը կարեւորեց Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի հետևողական ջանքերը միջազգային հանրությանն իրազեկելու Արցախի հուշարձաններին սպառնացող վտանգների մասին։
Տեղեկացվեց նաև, որ իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում անցնող ամիսներին Եկեղեցին կեցության պայմաններով ապահովել և նյութական աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված բազում արցախահայերի, մասնավորաբար ուշադրության կենտրոնում են եղել զոհվածների եւ չորս ու ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները: Ընդգծվեց սոցիալական ծրագրերի շարունակականությունը ապահովելու համար նոր միջոցների ներգրավման անհրաժեշտությունը։
Եկեղեցի-պետություն հարաբերություններին եւ հանրակրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների մասին զեկույցներ ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Արձանագրվեց, որ Եկեղեցի-պետություն ոչ բնականոն հարաբերությունների պատճառով լուծման կարոտ են մնացել ազգային-հոգևոր նշանակության մի շարք առանցքային հիմնախնդիրներ՝ առնչված օրենսդրական, կրթական, մշակութային, սրբավայրերի պահպանության կարեւորագույն ոլորտներին։
Ժողովականները մտահոգություն արտահայտեցին, որ հանրակրթության ոլորտում իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում հարվածի տակ են հայտնվել հայագիտական առարկաները, մասնավորաբար կոպտագույն սխալներով, բացթողումներով և կամայական մոտեցումներով աղճատվել և ձեւախեղվել է Հայոց պատմության բովանդակությունը։ Վերահաստատելով իր դիրքորոշումը ԳՀԽ եզրահանգեց, որ օրինական բոլոր ճանապարհներով պետք է հանրակրթությունը զերծ պահել ինչպես հակագիտական, այնպես էլ հակազգային հոսանքների և գաղափարների ազդեցությունից։
Մասնավոր անդրադարձ կատարվեց նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների մտադրությանը։ Ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության հիմքն են կազմում ազգային-հոգևոր կյանքի խորհրդանիշերը, մեր ժողովրդի նվիրական անցյալի հիշատակներն ու իրադարձությունները և ազգային մեր իղձերն ու ձգտումները՝ ժողովականներն անթույլատրելի համարեցին այդ արժեքների որևէ նսեմացում կամ անտեսում հանրային քննարկումներում, առավել ևս նոր Սահմանադրության ընդունման համատեքստում։
Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի համարեց նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը հատկապես, երբ հանրային ստվար շրջանակներում այն ընկալվում է նաև որպես հետևանք արտաքին հարկադրանքի։ Արձանագրվեց, որ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ Հայաստանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի խոսույթը միայն խորացնում է առկա կասկածները։
Քննության առնելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները ԳՀԽ խիստ կարևորությամբ ընդգծեց, որ օրենքում առաջարկվող հավելումները չպետք է հակասեն մեր ժողովրդի՝ ընտանիքի նվիրական պատկերացումներին ու քրիստոնեական ընկալումներին և չպետք է տեղիք տան մերժելի տարընկալումների։
Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի և վերաօծման, ինչպես նաեւ Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Ժողովականները նաև այցելեցին Մայր Տաճար և ծանոթացան հիմնանորոգության ընթացքին։ Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ անդամներն արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները ավարտական փուլում են։ Որոշվեց Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սույն թվականի սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գևորգ զորավարի եւ Վարագա Ս. Խաչի տոներին։ ԳՀԽ թելադրեց Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների համակարգող հանձնախմբին իրականացնել Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպչական աշխատանքները։
Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2023 թվականի գործունեության տեղեկագիրը, ֆինանսական տարեկան հաշվետվությունը եւ Վերստուգիչ հանձնախմբի զեկույցը։ Ներկայացվեցին նախորդ տարում Հայաստանում և սփյուռքի համայնքներում իրականացված հոգևոր-քարոզչական, մշակութային, կրթական և սոցիալական բնույթի ծրագրերը։
Քննարկման առարկա դարձան նաև Նվիրապետական Աթոռների, թեմերի գործունեությանը, եկեղեցավարչական, կանոնական, իրավական, կրթադաստիարակչական ոլորտներին առնչվող տարաբնույթ այլ հարցեր։
Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով: