Ավարտվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Ֆինլանդիա
Հունիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենյան Հայոց Կաթողիկոսը, ավարտելով պաշտոնական այցը Ֆինլանդիա, վերադարձավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին: Հայրապետական պատվիրակությունը Ֆինլանդիա էր մեկնել Ավետարանական Լյութերական Եկեղեցու պետ, Ֆինլանդիայի եւ Տուրկուի արքեպիսկոպոս Ջուկա Պաարմայի հրավերով:
Արքեպիսկոպոս Ջուկա Պաարմայի, ինչպես եւ Ֆինլանդիայի Ուղղափառ եկեղեցու պետ արքեպիսկոպոս Լեոյի հետ հանդիպումների ընթացքում եկեղեցապետերը հաստատել են միջեկեղեցական կապերի կարեւորությունը: Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի ոչ միայն հոգեւոր պետերի, այլեւ եկեղեցապատկան հաստատությունների միջեւ:
Վեհափառ Հայրապետը հանդիպում է ունեցել նաեւ Ֆինլանդիայի վարչապետ Մատտի Վանհանեի հետ: Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձել է դարասկզբին հայ ժողովրդի ապրած մեծ ողբերգությանը, եւ իր ափսոսանքն է հայտնել, որ տակավին կան պետություններ, որոնք պաշտոնապես չեն դատապարտել հայոց ցեղասպանությունը, որ մարդկության դեմ գործված մեծագույն ոճրագործություններից մեկն էր:
5-օրյա ուղեւորության ընթացքում Հայ եկեղեցու պատվիրակությունն այցելել է նաեւ Ֆինլանդիայի Աստվածաշնչային ընկերություն, հանդիպել է Հելսինկիի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի տնօրինության հետ, ծանոթացել ֆակուլտետի գիտական կենտրոններում տարվող աշխատանքներին: Հայրապետին եւ նրան ուղեկից պատվիրակությանը հյուրընկալել են նաեւ Ֆիննական երկու եկեղեցիների բարեսիրական կազմակերպությունները:
Վեհափառ Հայրապետը հանդիպել եւ իր օրհնությունն է բաշխել նաեւ ֆինլանդաբնակ սակավաթիվ հայորդիներին:
Այցի ավարտին Տուրկուի եկեղեցում երկու եկեղեցիների պետերը համատեղ աղոթք են բարձրացրել խաղաղության, ժողովուրդների բարեկամության, երկու հանրապետությունների համագործակցության, առաջընթացի եւ բարեկեցիկ կյանքի համար:
Ֆինլանդիա այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Մեսրոպ արք. Գրիգորյանը, Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը, գավազանակիր Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը: Նորին Սրբության ուղեկիցների թվում էր նաեւ Դանիայում, Ֆինլանդիայում եւ Նորվեգիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: