Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հովվապետական այցը Թուրքիա

Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հովվապետական այցը Թուրքիա 28.06.2006

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ավարտելով Հովվապետական անդրանիկ այցը Ստամբուլ` հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը վերադարձավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին:

Յոթնօրյա այցի առաջին երկու օրերի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալվեց Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ի կողմից` վերահաստատելով երկու եկեղեցիների եղբայրությունն ու համագործակցության ոգին: Ապա Նորին Սրբությունն իր անդրանիկ հովվապետական այցը կատարեց ստամբուլահայ հավատավոր հոտին` Հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բաշխելով նրան:

Չնայած ուշ գիշերային ժամի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Վեհափառ Հայրապետին դիմավորելու էին եկել նաեւ բազմաթիվ հավատացյալներ: «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո եկեղեցական թափորի ուղեկցությամբ Վեհափառ Հայրապետն առաջնորդվեց Մայր Տաճար: Իջման Սբ. Սեղանի առջեւ Նորին Սրբությունն աղոթք բարձրացրեց առ Աստված, ապա իր անմոռաց եւ ջերմ տպավորությունները փոխանցեց ներկաներին Հովվապետական այցելությունից: Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ այն խանդավառ ընդունելությանը, որ ցուցաբերել է ստամբուլահայ համայնքն` արտահայտելով իր սերն ու նվիրվածությունը հանդեպ Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը:

«Փառք եւ գոհություն Աստծո: Գոհունակ սրտով վերադառնում ենք Հովվապետական այցելությունից` տրված Կ. Պոլսո հավատավոր Մեր զավակներին: Հոգու բերկրանք ապրեցինք` անձամբ տեսնելով եւ ճանաչելով հավատավոր մեր զավակներին, նրանց խանդավառ նվիրյավ հավատքը, նրանց հայրենասեր ոգին: Հաղորդվեցինք Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության 600 տարիների ստեղծած արժեքներին ու պատմությանը»,- ասաց Վեհափառ Հայրապետը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ նշեց, որ Կ.Պոլսո հայախոս եւ հայաշունչ համայնքն այսօր ապրում է ազգային աշխույժ կյանքով: Գործում են շուրջ 39 եկեղեցիներ, 17 հայկական դպրոցներ եւ պոլսահայության համայնքային կյանքում կարեւորագույն հաստատություն հանդիսացող Սբ. Ամենափրկիչ ազգային հիվանդանոցը: Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ նաեւ Պոլսո հայ մտավորականության ու երիտասարդության հետ ունեցած իր հանդիպումներին:

Հայոց Հայրապետը տեղեկացրեց, որ Հովվապետական ողջ այցելությունը լայնորեն լուսաբանվեց ինչպես պոլսահայ, այնպես եւ թուրքական լրատվամիջոցների կողմից:

Պատասխանելով ներկաների հարցերին` Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաեւ Թուրքիայի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ունեցած մամուլի ասուլիսին, որի ընթացքում խոսվել էր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Ի պատասխան այն մտահոգության, թե արդյո°ք Հայոց Ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունը չի փոխի Թուրքիայի կառավարության վերաբերմունքը հայոց հանդեպ, Նորին Սրբությունը նշեց. «Չենք կարծում, որ մեր մտածումներն ու արտահայտությունները որեւէ կերպ կարող են փոխել իշխանությունների վերաբերմունքը դեպի պոլսահայ մեր համայնքը, որովհետեւ մենք որեւէ կերպ մեր խոսքերում ատելություն եւ թշնամանք չենք արտահայտել, պարզապես արձանագրել ենք ճշմարտությունն ու իրողությունը: Նկատի ունենալով այն ժողովրդավար գործընթացը, որ ձգտում են Թուրքիո իշխանությունները իրականացնել իրենց երկրում, նաեւ չենք կարծում, որ ծայրահեղ ազգայնական ուժերը պիտի հաջողեն ատելություն եւ թշնամանք սերմանել Թուրքիայում ապրող փոքրամասնությունների եւ հայոց նկատմամբ»:

Վեհափառ Հայրապետն ավելացրեց, որ ինչպես բազմաթիվ պետություններ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, այնպես էլ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ դրա համար ոչ մի քննարկումների անհրաժեշտություն չկա:

Նորին Սրբությունը միաժամանակ նշեց, որ կազմակերպված բողոքի ցույցերը, որոնք իշխանությունների կողմից բնութագրվում էին իբրեւ ծայրահեղական խմբավորումների գործողություններ, բնավ չեն ստվերել այցի տպավորությունները: Ձեռնարկված անվտանգության աննախադեպ միջոցառումների շնորհիվ դրանք չեն խոչընդոտել Հովվապետական այցի ծրագրի իրականացմանը եւ աննկատ են մնացել Հայրապետական պատվիրակության ուշադրությունից:

Վերջում Նորին Սրբությունը մեկ անգամ եւս իր գնահատանքը հայտնեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքին ու ստամբուլահայ հավատավոր հոտին ջերմ ընդունելության համար` աղոթք բարձրացնելով Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության պայծառության ու անսասանության համար: Վեհափառ Հայրապետը նաեւ շնորհակալություն հայտնեց ներկաներին, ովքեր այդ ուշ ժամին եկել էին դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին: