Ավարտվեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությունը
Հուլիսի 6-10-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացություն՝ կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի կողմից:
Ուխտագնացությանը մասնակցում էին նվիրապետական աթոռներից, հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից շուրջ 200 երիտասարդներ,նաև Բուլղարիայի և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ և Արևելյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը, ինչպես նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Տամատյանը։
Հուլիսի 6-ին, առավոտյան աղոթքից հետո սկսվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա դասընթացը, իսկ հուլիսի 8-ին երիտասարդներ ուխտավորները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով ուխտագնացության ծրագիրը, հայցեց Հայոց Հովվապետի օրհնությունը:
Հանդիպմանը Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ուրախությամբ ընգծեց, որ աշխարհասփյուռ հայորդիները համախմբվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայոց Հայրապետի օրհնությամբ գոտեպնդվելու և շարունակելու եկեղեցանվեր ու հայրենանվեր իրենց առաքելությունը:
Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուրախություն հայտնելով հայրենիքի տարբեր կողմերից և աշխարհասփյուռ հայ համայնքներից երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու առիթով, իր գնահատանքը բերեց Հովնան սրբազանին և Հայր Թովմային եկեղեցասեր երիտասարդության հետ տարվող նախանձախնդիր աշխատանքների համար։
Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ երիտասարդները հայրենիքի և Եկեղեցու հանդեպ սիրով պիտի շարունակեն իրենց նպաստը բերել հայրենի կյանքի վերազարթոնքին և լուսավոր ապագայի կերտմանը։
Այնուհետև երիտասարդ ուխտավորները մեկնեցին Եռաբլուր, որտեղ միասնական աղոթք բարձրացրեցին նահատակ զինվորների հոգիների հանգստության և խաղաղության համար, ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին։
Հուլիսի 9-ին ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության մասնակիցները այցելեցին Սևանավանք և Վազգենյան հոգևոր դպրանոց։
Հուլիսի 10-ին ուխտավոր երիտասարդները Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի։
Ուխտագնացության ավարտին երիտասարդներին հանձնվեցին վկայականներ։ Շնորհակալագրեր տրվեցին ուխտագնացությանն իրենց մասնակցությունը բերած թեմակալ առաջնորդներին, հոգևորականներին և կազմակերպիչներին։
«ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունն ավարտվեց հրաժեշտի երեկույթով: