Ավագ Հինգշաբթի Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ոտնլվայի կարգը
Ապրիլի 13-ին` Ավագ Հինգշաբթի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում սկսվեցին Ավագ Շաբաթվա հիմնական արարողությունները, որոնք խորհրդանշում են մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը, Քրիստոսի կողմից իր աշակերտների ոտքերի լվացումը եւ Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:
Առավոտյան Մայր Տաճարում, ի հիշատակ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի եւ Հաղորդության խորհրդի հաստատման, մատուցվեց Սբ. Պատարագ: Սրբազան արարողության ընթացքում հաղորդություն ստացան բազմաթիվ հավատացյալներ: Պատարագիչն էր Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը:
Հետմիջօրեին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Ոտնլվայի արարողությունը: Սուրբգրային ընթերցումներից հետո Վեհափառ Հայրապետը խաչով ու Ավետարանով օրհնեց յուղը:
Ապա, Տիրոջ օրինակով, լվաց եւ յուղով օծեց 12 հոգու ոտքերը: Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվեց օրհնված յուղ: Ավանդության համաձայն, հավատացյալներն այն գործածում են հիվանդությունների ժամանակ կամ խառնում են տանն ունեցած յուղին:
Ավագ Հինգշաբթի, Խավարման գիշերը, ժամը 19:00-ից մինչեւ ուշ գիշեր կատարվեց Հիսուս Քրիստոսի չարչարանաց եւ խաչելության կարգը: