Ապրիլի 9-ին նշվելու է Ծաղկազարդը
Ծաղկազարդը Մեծ Պահքի յոթերորդ կիրակին է, հիշատակը մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտք գործելու, որն այս տարի նշվելու է ապրիլի 9-ին: Ծաղկազարդին հաջորդում է Ավագ շաբաթը, ուր հիշվում են մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերի տնօրինությունները:
Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ նկարագրում են բոլոր ավետարանիչները, մանրամասնելով, թե ինչպես ժողովուրդը փառաբանությամբ ու օրհնությամբ է դիմավորում Տիրոջ գալուստը: «Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա» (Մատթ.21:9): Ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում. «Օվսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ. 12:13):
Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է հանդիսավոր ժամերգություն, ապա անդաստանի` աշխարհի չոր կողմերի օրհնության արարողություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին:
Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք անպտուղ էին եւ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը դարձյալ խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը, իսկ ոստի սնամեջ լինելը` հոգով աղքատությունն է, որն ունեցողներին երանի է տալիս մեր Տերը:
Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. «Օրհնությո¯ւն Դավթի որդուն» (Մատթ. ԻԱ 15):
Ծաղկազարդին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու բոլոր եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնություն: