Ամենայն Հայոց Հայրապետին շնորհվել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի կոչում
Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի տարեկան հաշվետու ընդհանուր ժողովին:
Ժողովի առիթով բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը: Ողջունելով Վեհափառ Հայրապետի ներկայությունը՝ ԳԱԱ նախագահը տեղեկացրեց, որ Ակադեմիայի ընդհանուր ժողովի անդամների որոշմամբ Ամենայն Հայոց Հայրապետին շնորհվում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր անդամի կոչում:
Վեհափառ Հայրապետը ողջույնի խոսք ուղղեց ներկաներին, որտեղ մասնավորապես ասաց. «Շնորհակալ հոգով ենք ընդունում այսօր Մեզ շնորհված պատվավոր կոչումը, ընդունում ենք իբրև Ազգային Ակադեմիայի բարձր գնահատականը Հայ Եկեղեցուն՝ հայրենական գիտությանը բերած նրա ծառայություններին»:
«Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում գիտության անխոնջ մշակներիդ՝ ձեր նվիրումի, անվհատ ու աննահանջ ձեր ընթացքի համար և հայցում, որ Աստծո Շնորհաբաշխ Հոգին զորացնի ձեր մտքի պայծառությունը և ձեր հոգու հավատի լույսը, հաղթանակներով պսակի գիտական ձեր բոլոր փնտրտուքներն ու ջանքերը», -մաղթեց Նորին Սրբությունը հայ գիտնականներին:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Շահե Արք. Աճեմյանը, Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Գրիգորիս Արք. Բունիաթյանը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը: