Ամենայն Հայոց Կաթողիկոսn ընդունեց Բելգորոդ-Դնեստրովսկիի քաղաքապետին
Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ուկրաինայի Բելգորոդ-Դնեստրովսկիի քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:
Սկզբում պրն. Կարեն Գրիգորյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Ուկրաինայից ժամանած պատվիրակությանը, անդրադարձավ երկու քաղաքների միջև նախանշվող համագործակցությանը:
Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը փաստեց, որ երկու ժողովուրդների հարաբերությունները գալիս են դարերի խորքից և հատկանշված են ջերմ բարեկամությամբ: Գարեգին Բ Կաթողիկոսը կարևորեց Էջմիածնի և Բելգորոդ-Դնեստրովսկիի միջև ծրագրվող գործակցությունը տարբեր ոլորտներում՝ նշելով, որ այն կնպաստի երկու երկրների միջև առկա բարի ավանդույթների առավել ամրապնդմանն ու կապերի զարգացմանը:
Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Բելգորոդ-Դնեստրովսկիում ձևավորվող հայ համայնքին` գոհունակությամբ արձանագրելով նաև, որ Ուկրաինայի հայ համայնքը սիրված և հարգված է երկրում:
Քաղաքապետ Ալլա Գինակն իր հերթին կարևորեց Նորին Սրբության օրհնությունը քաղաքների միջև նոր ձևավորվող համագործակցությանը` տեղեկացնելով այդ շրջանակներում իրականացվելիք առաջիկա ծրագրերի` հատկապես մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված միջոցառումների և փոխադարձ այցելությունների մասին: Տիկին Գինակը խոսեց նաև քաղաքի կյանքում հայ համայնքի ակտիվ մասնակցության մասին, ինչպես նաև տեղեկություններ փոխանցեց հայկական Ս. Աստվածածնի վերափոխման եկեղեցու կառուցման ընթացքի վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Գուլյանը և ուկրաինաբնակ բարերար Ֆելիքս Պետրոսյանը: