Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ուրուգվահայ ուխտավորներին
Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուրուգվահայ ուխտավորներին:
Հանդիպման սկզբում ուխտավորների անունից շնորհակալության խոսք ասաց «Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարա-Մանուկյանը՝ նշելով, որ հայորդիներից շատերն առաջին անգամ են այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տիար Կարա-Մանուկյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր ուրուգվահայի փափագն է այցելել Մայր Աթոռ և ստանալ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:
Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Ուրուգվայ կատարած հովվապետական այցելություններին, որոնց ժամանակ ականատեսն է դարձել հայ համայնքի հոգևոր առաջընթացին ու հայապահպանությանն ուղղված նախանձախնդիր և ջերմեռանդ գործունեությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ փաստեց, որ այս գործին նպաստում են նաև համայնքում գործող հայկական դպրոցը, ռադիոն և ազգային կառույցները:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև ուրուգվահայ համայնքում առկա խնդիրներին ու մարտահրավերներին:
Վերջում Վեհափառ Հայրապետը ներկաներին մաղթեց, որ ուխտագնացությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին լավագույնս արդյունավորվի ուրուգվահայության կյանքում՝ նպաստելով համայնքի հայաշունչ ոգու զորացմանը: