Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ԱՄՆ Արևելյան թեմի ուխտավորներին
Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոսթոնի շրջանի Հայփոյնթ համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանի և ուղեկցությամբ նույն տարածաշրջանի Կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Ջոն Դիլեյնիի:
Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ Վարդ քահանան ներկայացրեց ուխտավորներին, ինչպես նաև անդրադարձավ Հայր Ջոն Դիլեյնիի այցին, ով մշտապես իր զորակցությունն է բերել Բոսթոնի հայ համայնքին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրապետական օրհնությունը բերելով ուխտավորներին, իր բարեմաղթանքները հղեց նրանց և հույս հայտնեց, որ այս ուխտագնացությունը կնպաստի նրանց հոգևոր կյանքի զորացմանը:
Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին և հովվապետերի փոխադարձ այցելություններին` կարևորելով սերտ համագործակցությունը տարբեր մակարդակներում: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքի խոսքերն ուղղեց Հայր Ջոնին՝ Բոսթոնի Հայփոյնթի համայնքին ցուցաբերած զորակցության և աջակցության համար:
Հանդիպման վերջում ուխտավորներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Գարեգին Բ. Հայրապետին հայրական օրհնության, բարեմաղթանքների և ջերմ ընդունելության համար: