Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Շաղվիո Շավանիոյի քաղաքապետին
Հունիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Շաղվիո Շավանիոյի քաղաքապետ Ժերարդ Դեզամպի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց Շաղվիո Շավանիո և Էջմիածին քաղաքների միջև ձևավորված համագործակցության առիթով և մաղթեց, որ երկու քաղաքների կապերն առավել զորանան:
Գարեգին Բ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց Շաղվիո Շավանիոյի հայկական համայնքի և քաղաքապետարանի միջև առկա սերտ հարաբերությունները, որոնք նպաստում են հայ-ֆրանսիական կապերի առավել զորացմանը: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը նշեց, որ Հայաստանում 2018 թ. անցկացվելիք` ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը լավագույն վկայությունն է այդ ջերմ հարաբերությունների:
Իր հերթին քաղաքապետ Ժերարդ Դեզամպը խորին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց քաղաքի հայ բնակչության և հայկական եկեղեցու հանդեպ ցուցաբերած ուշադրության և խնամքի համար: Քաղաքապետը նաև ջերմությամբ անդրադարձավ իր նախորդ այցելությանը Մայր Աթոռ և իր կյանքում դրա ունեցած կարևոր ներգործությանը:
Վերջում Վեհափառ Հայրապետը Աստծո օրհնությունն ու պահպանությունը հայցեց երկու բարեկամ ժողովուրդների բարօրության համար: