Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց օտարերկրյա պետություններում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարներին
Մայիսի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց օտարերկրյա պետություններում պաշտոնավարող ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարներին` առաջնորդությամբ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարի գալուստ մաղթեց ներկաներին Մայր Աթոռ` արժեւորելով եւ բարձր գնահատելով նրանց աշխատանքն ու գործունեությունը:
«Գնահատելի է, որ խորհրդաժողովից հետո Ձեր քայլերն ուղղել եք Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Հայոց Հայրապետից եւ 1700-ամյա մեր եկեղեցուց օրհնություն ստանալու համար: Արտերկրում մեր պետության դինավանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչները ոչ միայն վարկն են ապահովում հայրենի մեր պետության, ոչ միայն իրենց անդուլ աշխատանքով նպաստում միջպետական հարաբերությունների զարգացմանը, այլ նաեւ իրենց ծառայությամբ ներդրում ունենում մեր ժողովրդի առջեւ ծառացած այն բոլոր կարեւոր խնդիրների լուծմանը, որոնց համար անհրաժեշտ են այսօր պետությունների, միջազգային հանրության վերաբերմունքն ու մոտեցումը»,-նշեց Նորին Սրբությունը:
Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց այն սերտ հարաբերությունները, համագործակցության եւ սիրո ոգին, որ առկա են օտարեկրյա հայ դիվանագետների եւ արտերկրում սպասավորող հոգեւոր դեսպանների` Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդների, հոգեւորականների միջեւ, որոնք համատեղ ջանքերով փորձում են իրականցնել այն ամենը, որ առաջադրված է մեր պետության, ինչպես նաեւ մեր առաքելահիմն սուրբ եկեղեցու կողմից:
Բոլորի կողմից շնորհակալություն հայտնելով Գարեգին Բ Կաթողիկոսին ընդունելության համար` ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նշեց. «Վեհափա°ռ Տեր, վստահ եմ, որ Ս. Էջմիածին այցելությունը կարեւոր էր բոլորի համար, քանզի այն վերակենդանացնելու է մեր ազգային նվիրական զգացումները: Եվ մենք վերանորգված եւ Ս. Էջմիածնի օրհնությունն ստացած` առավել նախանձախնդրությամբ լծվելու ենք մեր առաքելության իրականացմանը»: