Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Քրիստոնյա Հայաստան» թերթին թղթակցող հեղինակներին
Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աստղիկ Ստամբոլցյանին և թերթին թղթակցող հեղինակներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանի:
Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց թերթի գլխավոր խմբագրին, ում անհոգնաբեկ և անվհատ 20-ամյա ծառայության և հետևողական ջանքերի շնորհիվ է, որ տարիներ շարունակ ապահովվել է թերթի շարունակական հրապարակումը: Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով թերթին թղթակցող ավագ և երիտասարդ սերնդի գիտնականներին, բարձրորեն գնահատեց նրանց նվիրյալ և նախանձախնդիր աշխատանքն ու պատրաստակամությունը, որի շնորհիվ թերթը շարունակվում է լույս ընծայվել արդեն 23 տարի՝ իր ուրույն տեղը զբաղեցնելով տպագիր մամուլի դաշտում։
Նորին Սրբությունը մասնավոր գոհունակությամբ և ուրախությամբ արձանագրեց, որ այս ընթացքում թերթի շուրջ են համախմբվել բազում մտավորականներ՝ այդ ճանապարհով ևս իրենց օգտաշատ աջակցությունը և ծառայությունը մատուցելով Հայոց Եկեղեցուն և ժողովրդին։
Այս առումով Գարեգին Երկրորդ Հայրապետը կարևոր և էական նկատեց հայ մտավորականության մասնակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքին, նրա զորակցությունը Եկեղեցուն, ինչը կարող է խթան հանդիսանալ եկեղեցական առաքելության լավագույնս իրականացմանը։ Հայրապետը վստահեցրեց, որ նրանց օրինակը նաև խրախուսում է երիտասարդներին և Եկեղեցուց հեռու կանգնածներին, որպեսզի նրանք նույնպես մերձենան Եկեղեցուն, ճանաչեն այն, իրենց մասնակցությունը բերեն եկեղեցական կյանքից ներս և իրենց օգտակար նպաստն ունենան Եկեղեցու բազմադարյա սրբազան առաքելության իրականացման գործում: