Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քահանայական ձեռնադրության պատրաստվող սարկավագներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  քահանայական ձեռնադրության պատրաստվող սարկավագներին 06.06.2018

Հունիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի տարբեր կառույցների և թեմերի` քահանայական ձեռնադրության պատրաստվող թվով 13 սարկավագների` ուղեկցությամբ իրենց կանանց:
 
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի ներեկեղեցական գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը, ովքեր Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեցին առաջիկա քահանայական ձեռնադրության թեկնածուներին:
 
Վեհափառ Հայրապետը հետաքրքրվեց սարկավագների ծառայության ընթացքով, կեցության պայմաններով, ինչպես նաև ծանոթացավ ապագա երեցկանանց հետ:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը փոխանցեց քահանայական ձեռնադրության պատրաստվող սարկավագներին՝ ուրախությամբ նշելով, որ մեծ գնահատանքի է արժանի նրանց որոշումն իրենց ծառայությունը՝ իբրև քահանա, Հայոց Եկեղեցու անդաստանում շարունակելու վերաբերյալ: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ սարկավագները, արժանանալով քահանայական օծման շնորհին, իրենց նվիրյալ սպասավորությամբ ավելի կզորացնեն հայ ժողովրդի հավատքը:
Վերջում Գարեգին Բ Հայրապետն ապագա քահանաներին մաղթեց ուժ, կորով և Սուրբ Հոգու առաջնորդությունն ու օգնականությունն իրենց հետագա սրբազան առաքելության մեջ: