Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2022 թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկրին
Հոկտեմբերի18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած «ԱԴՈԲԵ» (Adobe) ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանտանու Նարայենին՝ ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի։
Շնորհավորելով ՀՀ պետական մրցանակին արժանանալու առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց պարոն Շանտանու Նարայենի ներդրումը ՏՏ ոլորտում և կարևոր նկատեց, որ վերջինիս մտքի արգասիքները նպաստեն մարդկային կյանքի առաջընթացին ու բարօրությանը, խաղաղությանն ու արդարությանը:
Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իր հոգևոր առաքելությանը զուգահեռ եղելէ նաև հայ մշակույթի և գիտական մտքի կերտողն ու արարողը՝ հանդիսանալով հայի ինքնության պաշտպանը և հարատևության երաշխավորը։
Պարոն Շանտանու Նարայենը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է լինել հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և Հայաստանի անվտանգային խնդիրներին։ Կարևորվեց մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորարական ձեռքբերումները։