Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի Բերդի տարածաշրջանի զոհված զինծառայողների ընտանիքներին
Հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի համայնքների զոհված զինծառայողների ընտանիքներին` ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի: Հանդիպմանը ներկա էին Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տ. Արամ քահանա Միրզոյանը և Արժանապատիվ Տ. Աբել քահանա Քարտաշյանը, Բերդի տարածաշրջանում մարզպետի ներկայացուցիչ Դավիթ Մխիթարյանը և զինվորական կոմիսար փոխգնդապետ Գագիկ Խաչատրյանը, երկօրյա այցի հովանավորությունը ստանձնած մոսկվաբնակ Կարո Առաքելյանը և կազմակերպչական աշխատանքներում իր ներդրումը ունեցած Ալիկ Ավագյանը:
Բագրատ Սրբազանը, տավուշցիների անունից շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, Նորին Սրբությանը մաղթեց քաջառողջություն, երկար տարիների կյանք ու բեղուն գործունեություն: Տավուշի թեմի առաջնորդը նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ Տավուշի սահմանապահ ժողովրդի հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության համար: Այնուհետև թվով 19 մայրերին և 39 երիտասարդներին ու պատանիներին հայրական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փոխանցելով ամենքին Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան կենդանարար ավետիսը:
Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծեց, որ այս այցելությունն իր անջնջելի դրոշմն է թողնելու Մայր Աթոռ ժամանած պատանի տավուշցիների հոգում և, իրենց հոգևոր հովիվների գործունեության շնորհիվ, նրանք հաղորդ են դառնալու Ս. Էջմիածնի խորհրդի մեջ ամփոփված արժեքներին, որոնցով ոգեշնչվել են իրենց հայրերը և այսուհետ ևս պիտի ոգեշնչվեն հայոց ազգի զավակներ: Մանուկներին և պատանիներին Հայոց Հայրապետը պատգամեց` իրագործողը լինել այն ինձերի և փափագների, որ իրենց ծննդյան առաջին իսկ օրվանից ունեցել են իրենց մայրերը և Հայրենիքի խաղաղության համար իրենց կյանքն ընծայած հայրերը` նշելով, որ վերջիններիս քաջարի ոգին կյանքի ողջ ընթացքում պիտի ուղեկից լինի նրանց զավակներին: «Քաջերի որդիները քաջեր են` ասում է մեր ժողովուրդը: Դուք այդ քաջազուն ոգին եք կրում ձեր մեջ` ապրելով սահմանամերձ գյուղերում և ձեր կյանքով ամուր ու անառիկ պահելով մեր սահմանները, հաստատուն և անսասան` մեր երկրի խաղաղությունը», - ասաց Նորին Սրբությունը` մաղթելով, որ մշտապես ապրեն Աստծո օրհնության և պահպանության ներքո:
Իր գնահատանքը հայտնելով թեմակալ առաջնորդին, թեմի հոգևոր սպասավորներին և այցի կազմակերպիչներին` Ամենայն Հայոց Հայրապետը հայցեց, որ Երկնավոր Տերն իր բարի հայացքի ներքո պահի Հայաստան աշխարհը և մեր ժողովրդի աստվածասեր զավակներին: Վերջում երիտասարդներն անակնկալ մատուցեցին Վեհափառ Հայրապետին` Հայոց Հորն ընծայելով իրենց ձեռագործ աշխատանքը, ինչպես նաև ասմունքելով և կատարելով ժողովրդական երգեր: Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոքրիկներին նվերներ բաշխեց: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ամռանը նրանց համար կկազմակերպի նաև ուխտագնացություն:
Հանդիպման մասնակիցները շրջայց կատարեցին մայրավանքում, աղոթեցին Մայր Տաճարում, եղան Մայր Աթոռի թանգարաններում և տարբեր կառույցներում: Զոհված զինծառայողների ընտանիքները Երևանում ևս կայցելեն հոգևոր-մշակութային տարբեր հաստատություններ, մանուկների համար կկազմակերպվի տոնական հանդես: