Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահին
Հուլիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեին՝ ուղեկցությամբ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանի։
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։
Նորին Սրբությունը կարևորեց երկու երկրների միջև նման փոխայցերը, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը և զարգացմանը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց վրաց իշխանություններին տիրող դժվարին իրավիճակում Հայաստանին ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման նպատակով միջնորդական ջանքերի համար։
Իր հերթին Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահը Ամենայն Հայոց Հայրապետին մանրամասն տեղեկություններ փոխանցեց երկրում առկա կրոնական խճապատկերի և կրոնական կազմակերպությունների ու ավանդական Եկեղեցիների նկատմամբ տարվող պետական քաղաքականության մասին։ Իր խոսքում տիար Զազա Վաշակմաձեն նաև անդրադարձ կատարեց Վիրահայոց թեմի հետ ձևավորված գործակցությանը։
Զրույցի ընթացքում արծարծվեցին Վրաստանում հոգևոր ժառանգության պահպանմանը, Հայոց և Վրաց Եկեղեցիների փոխհարաբերություններին և հայ-վրացական կապերի հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքին: