Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վենետիկի հանձնաժողովի նախագահին
Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին՝ ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի։
Հանդիպման սկզբում պրն. Դիլանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ՍԴ–ի և Վենետիկի հանձնաժողովի միջև ձևավորված ջերմ ու գործակցային հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ այս այցը նոր զարկ կհաղորդի այդ համագործակցությանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց ՀՀ դատաիրավական համակարգի և Վենետիկի հանձնաժողովի միջև առկա սերտ գործակցության և այն առավել արդյունավորելու ուղղությամբ ներդրվող ջանքերի համար: Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Վենետիկի հանձնաժողովին Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող աջակցության ու անհրաժեշտ խորհրդատվության համար:
Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքերին, գերիների վերադարձման հարցին, Արցախի ժողովրդի անվտանգության խնդրին և ոտնահարված իրավունքներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին։
Իր հերթին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին նշեց, որ ՀՀ ՍԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի միջև առկա փոխըմբռնման ոգին էլ ավելի կնպաստի երկու կառույցների հարաբերությունների խորացմանը։
Զրույցի ընթացքում կարևորվեց նաև Եկեղեցու առաքելությունը մարդու իրավունքների և արդարության պաշտպանության գործում: